ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան պետք է փոխի փոխհարաբերությունների ձևաչափն իր բոլոր հարևան պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Թուրքիան սահմանակից է Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Իրանի, Իրաքի, Հայաստանի հետ, և այդ բոլոր երկրների հետ խնդիրներ ունի՝ նկատի ունենալով իր կայսերական պատմությունը»,- ասաց Իսկանդարյանն ուրբաթ մամուլի ասուլիսում։
Ըստ նրա՝ հարևան պետությունների հետ փոխհարաբերությունների ձևաչափը փոխելու համար անհրաժեշտ է սկսել այն գործընթացը, որը Թուրքիայում կոչվում է հաշտեցում։ Միաժամանակ քաղաքագետը համոզված է, որ ինքը՝ Թուրքիան, կամենում է ազատվել այլ պետությունների հետ ունեցած խնդիրներից։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությանը, ապա Իսկանդարյանը նշեց, որ Թուրքիայում ապրում են մարդիկ, ովքեր հանդես են գալիս հաշտեցման գործընթացի դեմ, և նրանք բավականին մեծ թիվ են կազմում պետաշխատակազմում, քաղաքական վերնախավում և Թուրքիայի իշխող կուսակցությունում, ինչպես նաև ադրբեջանական ծագում ունեցող այլ թուրք քաղաքացիների թվում։
Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ հայ-թուրքական փոխհարաբերությունները կարելի է օգտագործել որպես քաղաքական հռետորություն, քաղաքական պայքարի միջոցներ Հայաստանի ներքաղաքական դաշտում։
«Միանգամայն նորմալ է, երբ ընդդիմադիր ուժերն ինչ-որ բան են օգտագործում իշխանության դեմ, իսկ իշխանությունները՝ ընդդիմության դեմ»,- պարզաբանեց Իսկանդարյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար. ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչում, Հայաստանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փորձից հրաժարում։
Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-