ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ ընդունել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդ, լեհական Սեյմի պատգամավոր Վլադիմիր Տիմոշևիչին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ժամանակ Վլադիմիր Տիմոշևիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, կառույցի բարեփոխման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ իր տեսակետները:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա սկզբին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցելությունը և այնտեղ ունեցած հանդիպումները:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:-0-