Իսպանիայի և Սկանդինավիայի առաջատար եվրոպական հեռուստաալիքները Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ կցուցադրեն

12.06.2009, 13:52
Իսպանիայի և Սկանդինավիայի առաջատար եվրոպական հեռուստաալիքները Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ կցուցադրեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Իսպանիայի ու Սկանդինավիայի առաջատար մի շարք հեռուստաալիքներ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ ցուցադրելու կապակցությամբ։

Այս մասին ուրբաթ Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Եվրոպական երկրներում ֆիլմի ցուցադրումը կնպաստի Հայաստանի նկատմամբ եվրոպացիների հետաքրքրության բարձրացմանը, հետևաբար՝ զբոսաշրջության զարգացմանը», - ընդգծեց Ապրեսյանը՝ նշելով, որ ֆիլմում հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի բնությանն ու պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև՝ հայտնի հանգստավայրերին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ֆիլմի բյուջեն կազմել է 225 հազ. եվրո, որոնք ամբողջովին հատկացվել են Հայաստանի պետբյուջեից։

«Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներում վերջնական համաձայնագրեր կստորագրվեն Իսպանիայի և Սկանդինավիայի երկրների մի քանի հեռուստաալիքների հետ՝ ֆիլմի ցուցադրման կապակցությամբ», - նշեց Ապրեսյանը։

Նա նաև ավելացրեց, որ 52-րոպեանոց ֆիլմը ստեղծվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Transglobe» ու «Busbusiness» իսպանական ընկերությունների համագործակցությամբ։-0-