Հայաստանի երկու ընդդիմադիր ուժերի՝ «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանը և Անդրանիկ Քոչարյանը պատրաստ են շարունակել աշխատանքը 2008 թվականի մարտյան դեպքերի պատճառների բացահայտման ուղղությամբ։
«Թեև Փաստահավաք խումբը պաշտոնապես արդեն գոյություն չունի, սակայն մենք տիկին Սաֆարյանի հետ հակված ենք նրան, որպեսզի այդ դեպքերի իրական պատճառները բացահայտված լինեն, և մենք շարունակենք մեր աշխատանքն այդ ուղղությամբ, ինչպես հենց Խմբում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- լրագրողներին հայտնեց Քոչարյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ, Քոչարյանը նշեց, որ Փաստահավաք խմբի լուծարումը սկսվել է դեռևս ընթացիկ տարվա մայիսի 4-ից, երբ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը գնաց իննօրյա հանգստի։
Այդ ժամանակից, ըստ նրա, սկսեցին բարդանալ նրանց հարաբերությունները, իսկ իշխող կոալիցիայի խմբի անդամներ Ռոբերտ Ավագյանը և Գևորգ Թովմասյանը սկսեցին գործել խմբից անջատ, ինչը տարաձայնությունների պատճառ դարձավ։
Քոչարյանն ընդգծեց, որ ինքը խումբը ձևավորվել է ոչ թե իրավիճակը սրելու, այլ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների իրական պատճառները բացահայտելու համար։
«Այս առումով Խմբի շրջանակներում տարված աշխատանքը ցույց տվեց, որ մենք բավականաչափ նյութեր ունենք լուրջ գնահատականներ ստանալու համար»,- ավելացրեց Քոչարյանը։
Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հավաստիացրեց, որ մարտյան դեպքերի Փաստահավաք խմբի գործունեությունը վերջ դրեց այդ իրադարձությունների հետաքննությանը։
«Նախագահի հրամանով դադարեցվեց մարտյան դեպքերի պատճառների հետագա ուսումնասիրումը։ Նախագահը մարտյան դեպքերի պատմությունն ավարտող քայլ կատարեց»,- հայտարարեց Սաֆարյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-2 դեպքերի փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման մասին հրամանագիրը ստորագրել էր 2008թ. հոկտեմբերի 23-ին:
Խմբի կազմում էին հինգ անդամներ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը («Ժառանգություն» կուսակցություն), Անդրանիկ Քոչարյանը (ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես), Վահե Ստեփանյանը (Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ), Ռոբերտ Ավագյանը և Գևորգ Թովմասյանը (իշխող կոալիցիայի ներկայացուցիչներ)։
Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո հայկական արմատական ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների ու բախումների՝ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի արդյունքում վիրավորվեց ավելի քան 200 մարդ, տասը հոգի մահացավ և ավելի քան 100-ը ձերբակալվեց։-0-