ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը հուլիսին Իտալիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ միջնորդների հետ կայանալիք հանդիպման մասին։
«ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն արդեն հերքել է այդ տեղեկատվությունը, և եթե թուրքական մամուլը շարունակում է այն տարածել, ապա դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիան որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ Եթե Թուրքիան կապ ունենար այդ գործընթացի հետ, ապա տեղյակ կլիներ, որ նման հարց այսօր չի քննարկվում», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարարը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:
Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-