ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կկայանա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Տետրո» ֆիլմի շնորհանդեսը, հայտնեց «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։
«Այս առնչությամբ սպասվում է Կոպոլայի հայ պրոդյուսեր Անահիտ Նազարյանի այցը Հայաստան»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին։
Ստամբոլցյանը հայտնեց, որ այս տարի փառատոնի աշխարհագրությունը ապշեցնում է իր մասշտաբով, փառատոնին կներկայացվի ավելի քան 100 ֆիլմ 65 երկրից։
«Մրցութային և ոչ մրցութային ծրագրերում կներկայացվեն սերբ, լեհ, ռումինացի, իտալացի, կանադացի, չեխ, ռուս, լիբանանցի, գերմանացի, ճապոնացի, հնդիկ, թուրք, բրիտանացի, հոլանդացի ռեժիսորների աշխատանքներ, ինչպես նաև առաջին անգամ ոչ մրցութային ծրագրում ներկայացված է ֆիլմ Վրաստանից»,- նշեց նա։
Մրցույթում կներկայացվեն ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ ռեժիսորների աշխատանքներ։
Ռեժիսորների մասնակցությամբ հետահայաց ծրագրում կներկայացվեն ականավոր ռեժիսորներ Էժի Սկոլեմովսկու (Լեհաստան), Կոգեյ Օգուրինի (Ճապոնիա), Ռոբ Նիլսոնի (ԱՄՆ) ֆիլմերը։
Ստամբոլցյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում վարպետության դասընթաց կանցկացվի ականավոր ռեժիսորների մասնակցությամբ։
Ավանդույթ դարձած «Մեկ օր Եվրոպայում» ծրագրում կներկայացվեն լեհ, ֆրանսիացի, գերմանացի և հոլանդացի ռեժիսորների լավագույն եվրոպական ֆիլմերը։ Ինչպես և անցյալ տարի, փառատոնին կներկայացվեն ֆիլմեր «Արաբական գիշերներ» ծրագրի շրջանակներում։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնը, ըստ ավանդույթի, կունենա երեք հիմնական ծրագիր՝ խաղարկային և վավերագրական ֆիլմի միջազգային մրցույթ, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» մրցույթ։
Հատուկ կինոօպերատորների միջազգային ֆեդերացիայի համար ֆիլմեր կներկայացվեն «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրի շրջանակներում։ -0-