ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրի միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժի զարգացմանը, տնտեսական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին` կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-իտալական երկկողմ հարաբերությունները հնարավորություն են տալիս փոխգործակցության նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել դիվանագետին և հույս հայտնել, որ հետագայում ևս պարոն Մասիմո Լավեցո Կասինելիին իր գործունեությամբ կնպաստի հայ-իտալական հարաբերությունների առավել սերտացմանը: Դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին հույս է հայտնել, որ տնտեսական և մշակութային փոխշահավետ համագործակցությունը կընդգրկի նոր ոլորտներ:-0-