ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմն աջակցել է Համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսի քննարկումների օրակարգում ցեղասպանության և դե ֆակտո գոյություն ունեցող պետությունների հարցերը ներառելուն, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը։
Հունիսի 11-14-ն անցկացվելիք Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսի համակազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումը:
«Ցեղասպանության հարցն ընդգրկվել է Կոնգրեսի քննարկումներում ֆրանսիացի և հայ հետազոտողների կողմից։ Նստաշրջանի աշխատանքին կմասնակցեն Կամբոջայից և Ռուանդայից վերադարձած ֆրանսիացի գիտնականներ, կքննարկվեն նաև Հարավսլավիայի դեպքերը, հայերի ցեղասպանությունը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այժմ ցեղասպանության հարցերը քննարկվում են գիտական հիմքով։
Հարությունյանը հայտնեց, որ ցեղասպանության կողքին գիտական նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաև զանգվածային բռնության հարցեր ու հաշտվելու խնդիրներ։
Նա հավելեց, որ բաժնի աշխատանքը կղեկավարի Ելիզավետա Կլավերին, իսկ հայկական կողմից կմասնակցեն Ազգային ու ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանն ու Հայերի ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Մենք ակնկալում ենք, որ սա առաջընթաց կլինի ցեղասպանության գիտական քննարկման գործում»,- ընդգծեց նա։
Հարությունյանը հայտնեց նաև, որ կոնգրեսում երևակայական կամ դե-ֆակտո գոյություն ունեցող պետությունների հարցը քննարկելու նախաձեռնությունը պատկանում է հայկական կողմին։ Նրա խոսքերով եվրոպացիները շատ հետաքրքիր առաջարկ են արել, որ հայկական կողմը զարգացրել է ու խնդրել դիտարկել փաստացի գոյություն ունեցող պետությունների հարցը։
Հարությունյանն ընդգծեց, որ այժմ աշխարհում բացի ճանաչված պետություններից, կան նաև ինքնահռչակվածները, և սոցիոլոգիան պարտավոր է զբաղվել դրանցով։
Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են սոցիալական գիտությունների տեսական և մեթոդաբանական նվաճումների, մարդկության առջև ծառացած արդի երկընտրանքների, գլոբալ ճգնաժամի և դրա հետևանքների ու հաղթահարման հնարավորությունների, հասարակությանը, անձին և պետությանը միտված մարտահրավերների, ժամանակակից աշխարհում դե ֆակտո պետությունների, ցանցային հասարակության առանձնահատկությունների, հետխորհրդային երկրների մոդեռնացման գործող մոդելների, ցեղասպանության, զանգվածային բռնության ու պատերազմի և արդիական այլ կարևոր խնդիրների վերաբերյալ հիմնահարցեր:
Կոնգրեսին մասնակցելու են սոցիալական գիտությունների ակնառու ներկայացուցիչներ Իմանուել Վալերստեյնը, Միշել Վիվյորկան, Էդվարդ Թիրյաքյանը, Լև Գուդկովը, Մխայիլ Գորշկովը և վաստակաշատ այլ սոցիոլոգներ:
Կոնգրեսի աշխատանքներում ընդգրկված են 89 համալսարաններ և գիտահետազոտական կենտրոններ ավելի քան 50 երկրներից: Կոնգրեսը ներառելու է հարյուրից ավելի պլենար, հատուկ, թեմատիկ նիստեր և կլոր սեղաններ:-0-