ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը պետք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լուրջ ներդրումային նախագծեր պատրաստի և ներկայացնի դրանք Հակաճգնաժամային հիմնադրամ՝ ֆինանսավորում ստանալու համար, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի՝ 10 միլիարդ դոլարի չափով, ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է նախօրեին Մոսկվայում՝ Հայաստանի մասնակցությամբ կառավարությունների ղեկավարների մակարդակով ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստի շրջանակներում։ Ստորագրվել են նաև Հակաճգնաժամային հիմնադրամի մասին կարգն ու Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագիրը։
«Դա նշանակում է, որ այդ ինստիտուտը ձևավորված է և մնում է, որպեսզի մենք կառավարությունների մակարդակով կարողանանք մշակել այդպիսի ծրագրեր։ Եթե Տնօրենների խորհուրդը հավանության արժանացնի այդ ծրագրերը, ապա կբացվի ֆինանսավորում», - ասել է Սարգսյանը լրագրողներին՝ ամփոփելով ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա կատարած իր այցի արդյունքները։
Նրա խոսքերով՝ սկզբնական փուլում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը պետք է հիմնադրամ մուտք անի տասը տոկոսը՝ 1 միլիոն դոլար։
«Մնացած 90 տոկոսի վրա մենք կարող ենք թողարկել արժեթղթեր և պարտատոմսեր, ինչով կհաստատենք այդ վճարումն իրագործելու Հայաստանի պատասխանատվությունը», - ասել է նա։
Այս կապակցությամբ Սարգսյանը պարզաբանել է, որ կանոնադրության համաձայն՝ խորհուրդը որոշում է ընդունում պարզ մեծամասնությամբ, սակայն ֆինանսական խնդիրներին և պարտավորություններին վերաբերող որոշումները Հիմնադրամն ընդունելու է այդ կառույցի անդամ-երկրների մասնակցության մասնաբաժնին համապատասխան։
«Այս համատեքստում, բնականաբար, կգերակշռի այն երկրի ձայնը, որը մեծ ներդրում է կատարել», - ընդծգել է նա՝ ավելացնելով, որ կանոնադրության մեջ բոլոր այդ հարցերը հստակ ձևակերպված են, և յուրաքանչյուր երկիր մասնակցում է իր հնարավորությունների սահմաններում։
Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կազմում է 10 միլիարդ դոլար, որից Ռուսաստանին բաժին է ընկնում 7,5 միլիարդ դոլարը, իսկ Հայաստանին՝ 1 միլիոն դոլարը։
ՀՀ կառավարության ղեկավարը պարզաբանել է նաև, որ ֆինանսավորումը կիրականացվի վերադարձի, վճարունակության և ռիսկերի գնահատման սկզբունքների հիման վրա։
«Ելնելով դրանից՝ ես կարծում եմ, որ Ռուսաստանը ևս շահագրգիռ կողմ է, քանի որ նրա կողմից ներդրված միջոցները չեն փոշիանա, այլ ընդհակառակը՝ կապահովվեն եկամտաբերությամբ։ Մյուս կողմից՝ հնարավոր է տնտեսական հնարավորությունների ընդլայնում և հնարավորությունների ստեղծում տնտեսական զարգացման համար», - ընդգծել է Սարգսյանը։
Նախատեսվում է, որ Հիմնադրամն իր աշխատանքը կսկսի արդեն 2009 թ.-ին։ Հիմնադրամի միջոցները կտրամադրվեն մասնակից-պետություններին ինքնավար պարտքեր և կայունացնող վարկեր տրամադրելու, ինչպես նաև միջպետական ներդրումային նախագծեր ֆինանսավորելու համար։ -0-