Արդար ընտրությունների ինստիտուտի առկայությունը Հայաստանի պետականության կայացման և բարգավաճման նախադրյալն է, հատկապես, երբ Հայաստանը չունի բնական հարուստ ռեսուրսներ, կարծում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Տնտեսական համակարգի զարգացումն ու Հայաստանի բարգավաճումը նման պայմաններում հնարավոր է միայն ազատ ընտրությունների անցկացման միջոցով», - հայտարարել է Օսկանյանը երեքշաբթի հանրապետությունում ընտրական իրավունքի խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում։
Նրա խոսքերով՝ ազատ ընտրությունների բացակայության պայմաններում Հայաստանը երբեք հասարակությունում չի կարող ձևավորել ուժերի ճիշտ հավասարակշռություն, ինչը պահանջում է երկրի Սահմանադրությունը։ «Նման հավասարակշռության բացակայության դեպքում մենք չենք ունենա արդար դատարաններ, ազատ մամուլ», - ավելացրել է Օսկանյանը։
Նա նշել է, որ ազատ ընտրությունները գուցե ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման են Հայաստանում ժողովրդավարության կայացման համար, և դրանց բացակայության դեպքում կարելի է խոսել միայն «կեղծ ժողովրդավարության մասին, որը շատ ավելի վտանգավոր է, քան դրա լիակատար բացակայությունը»։
ԱԳ նախկին նախարարը համոզված է, որ նման ժողովրդավարությունը հասարակության շրջանում անիրականանալի սպասումներ է ծնում, ինչը հետագայում կարող է հանգեցնել ավելի խորը հիասթափության։
Օսկանյանի կարծիքով՝ Հայաստանում ազատ և արդար ընտրությունների կայացման համար և իշխանությունը, և ընդդիմությունը պետք է ունենան որոշակի պարտականություններ և պատասխանատվություն կրեն։
«Ընդդիմությունը պետք է ընտրությունները դիտարկի որպես իշխանությանն արժանի հակակշիռ ստեղծելու միջոց, իսկ իշխանությունները պետք է դիտարկեն ընտրությունները որպես ճիշտ հակակշիռներ ստեղծելու միջոց», - պարզաբանել է Օսկանյանը։-0-