Երևանում հինգշաբթի կբացվի Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հունիսի 11-14-ն անցկացվելիք Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսի համակազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումը:
Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են սոցիալական գիտությունների տեսական և մեթոդաբանական նվաճումների, մարդկության առջև ծառացած արդի երկընտրանքների, գլոբալ ճգնաժամի և դրա հետևանքների ու հաղթահարման հնարավորությունների, հասարակությանը, անձին և պետությանը միտված մարտահրավերների, ժամանակակից աշխարհում դե ֆակտո պետությունների, ցանցային հասարակության առանձնահատկությունների, հետխորհրդային երկրների մոդեռնացման գործող մոդելների, ցեղասպանության, զանգվածային բռնության ու պատերազմի և արդիական այլ կարևոր խնդիրների վերաբերյալ հիմնահարցեր:
Գիտաժողովի կոմիտեի անդամներն են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումի նախագահ և Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը, Նյու Յորքի համալսարանի ներկայացուցիչ Քրեյգ Քելհոունը, Կենտրոնական եվրոպական համալսարանից Յեհուդա Էլկանայը, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը, Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի փոխնախագահ Հանս Յոասը, Ցյուրիխի համալսարանի ներկայացուցիչ և Սոցիալական մարդաբանության եվրոպական ասոցիացիայի նախագահ Շալինի Ռանդերիայը, ինչպես նաև Օքսֆորդի և Սինգապուրի Կառավարման համալսարանների ներկայացուցիչ, Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղար և Սոցիոլոգիայի եվրոպական ակադեմիայի նախագահ Փիթեր Հեդսթրյոմը:
Կոնգրեսին մասնակցելու են սոցիալական գիտությունների ակնառու ներկայացուցիչներ Իմանուել Վալերստեյնը, Միշել Վիվյորկան, Էդվարդ Թիրյաքյանը, Լև Գուդկովը, Մխայիլ Գորշկովը և վաստակաշատ այլ սոցիոլոգներ:
Կոնգրեսի աշխատանքներում ընդգրկված են 89 համալսարաններ և գիտահետազոտական կենտրոններ ավելի քան 50 երկրներից: Կոնգրեսը ներառելու է հարյուրից ավելի պլենար, հատուկ, թեմատիկ նիստեր և կլոր սեղաններ:-0-