ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերին Ռուսաստանին սպասում է ճգնաժամի երկրորդ ալիքը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռուս ճանաչված տնտեսագետ, ՌԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը։
«Սեպտեմբերին կսկսվի ճգնաժամի երկրորդ ալիքը, ձեռնարկությունները հեղեղած պարտքերի ու վարկերի ժամանակին և լրիվ ծավալով չվերադարձնելու ալիքը, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի հետևանքների դա կհանգեցնի և թե որքանով կհաջողվի դրանից ազատվել պետական պահուստային միջոցների ու հնարավորությունների շնորհիվ»,- ասաց Աղանբեգյանը։
Ինչ վերաբերում է որոշ մասնագետների պնդումներին, որ Ռուսաստանն արդեն հասել է ճգնաժամի հատակին, ակադեմիկոսը նշեց, որ «ոչ ոք դեռ դա չգիտի»։
«Ճգնաժամը մեծ անորոշություն է, և պետք չէ շտապել ու ասել, որ մենք մեկ-երկու ամսում հատակին ենք հասել։ Ճգնաժամի ժամանակ պետք է համբերատար լինել և լավի մասին մտածելով՝ պատրաստվել վատին»,- ասաց Աղանբեգյանը։ -0-