Ժողովրդի կամքի արտահայտման ցանկացած մեխանիզմ պետք է ներառվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ժողովրդի կամքի արտահայտման ցանկացած մեխանիզմ պետք է ներառվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը (Philip Gordon)։
«Քվեարկության ցանկացած մեխանիզմ, որով ժողովուրդը կարտահայտի իր կամքը, պետք է ներառվի կարգավորման գործընթացում»,- ասաց Գորդոնը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի տարածքում հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին հարցին։
Ինչպես կարծում է փոխպետքարտուղարը, ազգերի ինքնորոշման իրավունքն ապահովելը սկզբունքներից մեկն է՝ այնպես, ինչպես տարածքային ամբողջականության ու զենքի չկիրառման սկզբունքները։
«Արդյունքը պետք է կշռադատված կերպով արտացոլի բոլոր երեք սկզբունքները, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կարևոր է»,- ասաց Գորդոնը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-