ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կզարգացնի ու կխորացնի ԱՄՆ-ի հետ բարեկամական գործակցությունը, երեքշաբթի Երևանում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի (Philip Gordon) հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանը, կարևորելով Միացյալ նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը»,- Նալբանդյանի խոսքերը մեջբերեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Իր հերթին Գորդոնը նշեց, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցության ընդլայնումը, և դրա վկայությունն է այն փաստը, որ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտասահմանյան ուղևորությունը սկսվում է Հայաստանից:
Նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, կարևորվեցին Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Անդրադարձ կատարվեց Հազարամյակի մարտահրավեր ծրագրի հետ կապված հարցերին:
Անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ուղղությամբ:
«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահասատեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ԱՄՆ վարչակազմի ամբողջական աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
«Այս ենթատեքստում Ֆիլիպ Գորդոնն ընդգծեց, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է ակտիվորեն նպաստել հիմնախնդրի հանգուցալուծման ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-