ՀՀ Սահմանադրական դատարանը երեքշաբթի նիստի ժամանակ երկրի Մայր Օրենքին համապատասխան է ճանաչել «Մաքսային գործերով համագործակցության և փոխօգնության մասին» հայ-իտալական միջկառավարական համաձայնագրի նորմերը։
Փաստաթուղթը ստորագրվել է Երևանում 2009թ.-ի մարտի 6-ին և ուժի մեջ կմտնի երկու երկրում վավերացման ընթացակարգերի ավարտից հետո։
Ըստ համաձայնագրի, Հայաստանի և Իտալիայի մաքսային մարմինները մտադիր են ընդլայնել համագործակցությունը մաքսային ոլորտում, փոխանակվել տարբեր մաքսային գործերին վերաբերող տեղեկատվությամբ, իրականացնել բազմաթիվ մաքսային հանձնարարություններ, ինչպես նաև անցկացնել համատեղ միջոցառումներ։
ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված տեղեկանքում ՀՀ պետեկամուտների կոմիտեն նպատակահարմար և հանրապետության շահերին համապատասխան է համարում այդ համաձայնագրի վավերացումը։-0-