Քրեական գործ է հարուցվել Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի տնօրենի նկատմամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Այս մասնաճյուղից մարտի 31-ին գողացվել էր տարբեր հեղինակների թվով 18 գեղանկար:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։
Ավելի վաղ սույն փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերի գողություն) հատկանիշներով Կոտայքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։
Գողությունը տեղի էր ունեցել մարտի 31-ի գիշերը։ Գողերը պատկերասրահ էին ներխուժել պատուհանի ապակին կոտրելու միջոցով։
ՀՀ ազգային պատկերասրահից տեղեկացրել էին, որ գողացվել են հայկական գեղարվեստի տարբեր շրջանները ներկայացնող տասը հեղինակների, այդ թվում նաև՝ Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հմայակ Հակոբյանի, Մարիամ Ստեփանյանի և այլոց աշխատանքները։-0-