ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Հռիփսիմյանց և Սբ. Գայանյանց կույսերի հիշատակին նվիրված տոնը։ Վերջինը նշվում է Հոգեգալստի տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին։
Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ։ Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, օրվա առիթով նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ եկեղեցականաց հանդիսավոր թափորով և Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների սաների թմբուկների ձայների ազդարարությամբ Ս. Հռիփսիմե վանք տարվեց Ս. Էջմիածնում պահվող` սրբուհու մասունքով Սուրբ Աջը։
Այնուհետև Ս. Հռիփսիմե վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Հռիփսիմեի վանահայր Տ. Մատթեոս աբեղա Պողոսյանը։ Պատարագի ընթացքում Հայաստանի տարբեր շրջաններից վանք ժամանած բազում ուխտավորներ առիթ ունեցան մոտենալու և օրհնություն ստանալու Ս. Հռիփսիմեի մասունքներից:
Ինչպես նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի պաշտոնական կայքում, Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում։
Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա:
Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը։
Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:-0-