ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ հայ և վրացի ժողովուրդները պետք է պահպանեն ժառանգած դարավոր բարեկամությունը։
«Հայ ու վրացի ժողովուրդները հինավուրց մշակույթի, ավանդույթների և դարավոր բարեկամության ժառանգորդներ են, որը մեզ է հասել մեր նախնիներից: Ժառանգել չի նշանակում միայն ստանալ, այլև տեր կանգնել, պահպանել ու բազմապատկել մեր նախնիներից ժառանգածը: Կարծում եմ՝ հենց դա են երազել մեր ստեղծագործ հայրերը, կարծում եմ՝ հենց դա է երազել Սայաթ Նովան»,- ասել է Նալբանդյանը Թբիլիսիի կենտրոնում 18-րդ դարի հայ մեծ բանաստեղծ ու երգիչ Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողի բացման ժամանակ։
Բացմանը ներկա էին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավան, հազարավոր թբիլիսցիներ, Հայաստանից ժամանած մշակութային և գրական գործիչներ։
Հուշակոթողի հիմնաքարը դրվել էր 2008թ. սեպտեմբերին Հայաստանի և Վրաստանի նախագահների կողմից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի իշխանություններին և հուշակոթողի հեղինակներին հայ-վրացական բարեկամությունը մարմնավորող ամենավառ անհատներից մեկին` Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողը Թբիլիսիի կենտրոնում տեղադրելու համար: -0-