ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունը կդիմի Վարչական դատարան՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ մերժել է ՀԱԿ-ի՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը։
«Այսօր մենք կդիմենք Վարչական դատարան։ Հայտն արդեն պատրաստ է, և մենք ակնկալում ենք, որ դատարանում կքննարկվեն մեր բոլոր հայտարարությունները՝ ըստ էության և բովանդակության»,- նշեց Ավագյանը։
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացն ընդդիմության համար չի ավարտվել։ «Մենք կօգտագործենք բոլոր օրինական ճաանպարհները ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար»,- նշեց Ավագյանը։
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։
ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 186 630 ձայն (46,1 տոկոս)։ 89 131 ձայնով երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, 69 140 ձայնով երրորդ տեղում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։
Հայկական ընդդիմությունը հրաժարվեց մայիսի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում ստացած բոլոր մանդատներից։--0--