ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Մարտի 1-2 դեպքերի փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խումբը ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. հոկտեմբերի 23-ի ստորագրած հրամանագրի համաձայն: Խմբի աշխատանքները նպատակ ունեն օժանդակել Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հունիսի 16-ին ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջև դրված խնդիրների իրագործմանը:
Օրերս ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի անդամների որպես անկախ փորձագետներ գործելու անկարողությունը հանգեցրեց խմբի գործունեության ձախողմանը։
«Մենք հավատացած էինք, որ պետական պաշտոնական շրջանակներից դուրս ստեղծված և անկախ փորձագետներից կազմված փաստահավաք խումբը նախագահի կարգադրությամբ սահմանված մանդատի շրջանակներում կարող էր բավարարել հանրային ակնկալիքները և լուրջ աջակցություն ցուցաբերել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին` անցյալ տարեսկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների և դրանց պատճառների վերհանման հարցում։ Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից՝ փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ավարտին հասցնել իրենց գործը։»,- ասել է Ֆարմանյանը:
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, ավելի քան 200 մարդ ստացել է վնասվածքներ։ --0--