ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արժեթղթերի վերաբերյալ օրենսդրության մեջ անհրաժեշտ է վերանայել դրա օգտակարության աստիճանի բարձրացման համար կարգավորող մարմինների կողմից տեղեկատվության հավաքման մեթոդների մասին դրույթները, ասաց «NASDAQ OMX Հայաստան» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:
«Պետք է մտածել այն մասին, թե ինչպես մեքենայացնել տեղեկատվություն հավաքելու գործընթացը, ընդ որում ոչ թե կանոնակարգող մարմնի մակարդակում, այլ նրանց, ովքեր այն տրամադրում են»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում։
Այս առնչությամբ Մելիքյանը հայտնեց, որ «NASDAQ OMX Հայաստանի» նախաձեռնությամբ ստեղծվել է «Բորսայի անդամների ֆորում», որի ամենամսյա հանդիպումների ժամանակ ներդրող ընկերություններն ու բանկերը կարող են քննարկել իրենց պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում ծագող խնդիրները։
Բացի այդ նրանք նաև քննարկում են այն փոփոխությունները, որոնք կարող են կատարելագործել կապիտալի շուկան կանոնակարգող օրենսդրությունը, ինչպես նաև բորսայի կանոնները։
«Ամենամսյա ձևաչափով այս հանդիպումների ժամանակ քննարկվում ու լուծվում են շատ հարցեր, մշակվում է ընդհանուր կարծիք, որը կարող է քննարկման դրվել նաև Կենտրոնական բանկում»,- ավելացրեց նա։
«NASDAQ OMX Հայաստան» ԲԲԸ-ն ( մինչև 2009 թ.-ի հունվարի 27-ը գործում էր որպես «Հայկական ֆոնդային բորսա» ԲԲԸ) հիմնադրվել է 2001 թ.-ին որպես ինքնակարգավորվող կազմակերպություն 21 միջնորդական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման հիման վրա։ 2007 թ.-ի նոյեմբերի սկզբին ֆոնդային բորսան վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ 2008 թ.-ի հունվարի 7-ից OMX ընկերությունը (ներկայումս՝ NASDAQ OMX) «NASDAQ OMX Հայաստան» ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի 100 տոկոսանոց բաժնետերն է։ -0-