Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ երեկոյան գումարած արտահերթ նիստի ժամանակ ամփոփել է Ավագանու խորհրդի ընտրությունների վերջնական արդյունքները և հաստատել դրանք արձանագրությամբ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթև Օհանյանը, ձայնի իրավունք ունեցող 771 477 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 404 634 ընտրող։
Վերջնական տվյալների համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 186 630 ձայն (46,1 տոկոս)։ 89 131 ձայնով երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, 69 140 ձայնով երրորդ տեղում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։
Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։
«Օրինաց երկիր» կուսակցությունը հավաքել է 20 106 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը`18 094 ձայն, Ժողովրդական կուսակցությունը՝ 8 473 ձայն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը`1 936 ձայն։
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։
Հայկական ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել։
Եվրոպացի դիտորդները հայտարարել են, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Դիտորդների առաքելությունը զգալի առաջընթաց է արձանագրել 2008թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ։-0-