«Ոսկե ծիրան» կինոփառատոնը սկսում է ֆիլմերի ցուցադրություններ լրագրողների համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից։
«Փառատոնի գործունեության, մրցութային ծրագրերի, ֆիլմերի լուսաբանումն առավել արդյունավետ դարձնելու համար մինչև փառատոնի սկսվելը լրագրողները հնարավորություն կստանան դիտել մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերը», - ասվում է տեղեկատվության մեջ։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնը, ըստ ավանդույթի, կունենա երեք հիմնական ծրագիր՝ խաղարկային և վավերագրական ֆիլմի միջազգային մրցույթ, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» մրցույթ։
«Առաջարկում ենք օգտվել ընձեռած հնարավորությունից, քանի որ փառատոնի օրերին լրագրողները դահլիճ մուտք գործելու հնարավորություն կունենան միայն ազատ տեղերի առկայության դեպքում: Իսկ մրցութային ֆիլմեր դիտում է առավել մեծ թվով հանդիսատես», - ասվում է տեղեկատվության մեջ։
Լրագրողների համար ցուցադրությունները կշարունակվեն մինչև հունիսի վերջը, անհրաժեշտության դեպքում՝ նաև մինչև փառատոնը։
Փառատոնին մասնակցելու է շուրջ 300 ֆիլմ՝ 60 երկրից։ Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:-0-