Ռուսաստանի կողմից արհեստական ձևով Հայաստանին զինելու մասին խոսք անգամ չի կարող լինել, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը։
«Հերթական անգամ ուզում եմ հայտարարել, որ Ռուսաստանը Հայաստանին զենք չի մատակարարել։ Այս առիթով արդեն արվել են սպառիչ հայտարարություններ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Այսպիսով, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այս առնչությամբ զանգահարել է իր ադրբեջանացի գործընկերոջը, իսկ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը՝ իր ադրբեջանացի գործընկերոջը։ Ես կարծում էի, որ մենք այլևս չէինք վերադառնա այս թեմային, իսկ դուք դեռ կասկածներ ունեք»,- ուրբաթ Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ժամանակակից տարածաշրջանային աշխարհաքաղաքականության համատեքստում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Դորոխինը։
Դեսպանի խոսքերով, ռուսական կողմը մանրամասն վերլուծել է իբր թե Հայաստանին ռուսական զենք մատակարարելու մասին ԶԼՄ-ի ներկայացրած փաստաթուղթը։
«Եվ մենք եկանք այն եզրակացության, որ սա ակնհայտ կեղծիք է։ Փաստաթղթում բազմաթիվ քերականական սխալներ կան, օգտագործված են տերմիններ, որոնք չեն օգտագործվում ռուսական բանակում։ Օրինակ, մեր բանակում նռնակները փոխանցվում են ոչ թե պարկերով, այլ հատերով և այլն»,- ասել է Դորոխինը, ում խոսքերն է մեջբերում «Նովոստի-Ադրբեջան» գործակալությունը։ -0-