Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ գործադրում է բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ, հինգշաբթի նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդևեդևի հետ հանդիպման ընթացքում։
«Մեր վերջին հանդիպումից հետո մենք ռուս գործընկերների հետ աշխատել ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ: Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ջանասիրաբար աշխատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ` համառորեն փնտրելով ճանապարհներ, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել իրենց բնօրրանում, ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։
Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու նախատեսվող ծրագրերի իրականացմանը, տրանսպորտի ոլորտին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև անդրադարձել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցության ու արագ արձագանքաման ուժերի կազմավորման հարցերին:
Շնորհակալություն հայտնելով Պետերբուրգյան տնտեսական ֆորումին մասնակցության հրավերի համար` նախագահ Սարգսյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ֆորումը լրացուցիչ նշանակություն է ձեռք բերում:
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկկողմ և բազմակողմ ձևաչափերում սանկտպետերբուրգյան հանդիպումը 16-րդն էր Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջև:
Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին` մեր երկրին 500 միլիոն ԱՄՆ դոլար կայունացնող վարկ տրամադրելու համար:
Իր կողմից ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը վերջին շրջանի հաճախակի հանդիպումները օգտակար է գնահատել հայ-ռուսական համագործակցության, անձնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից և նշել, որ դրանք օգնում են կոնկրետ հարցերին տալ միանգամայն հասցեական լուծումներ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-