ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Համաներման խնդիրը Հայաստանում պետք է գտնվի քաղաքական շահարկումների դաշտից դուրս, կարծում է հայկական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սուրեն Սուրենյանցը։
«Համաներումն ինքնին հասարակայնությանը համախմբող դրական գաղափար է։ Ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է այն տեխնոլոգիան, որով գործող նախագահն անդրադարձավ համաներումը հայտարարելու հարցին»,- հայտարարեց Սուրենյանցը։
Նրա խոսքերով, ՀՀ նախագահը պետք է պարզապես օգտվեր սահմանադրական իր իրավունքից և համապատասխան նախաձեռնությամբ դիմեր խորհրդարան։
«Չնայած դրան, ես ներքին վստահություն ունեմ, որ համաներումն ամեն դեպքում կկայանա»,- նշեց Սուրենյանցը։
Մայիսի 28-ին նախագահը պատրաստակամություն հայտնեց օգտվել համաներում շնորհելու իր սահմանադրական իրավունքից։Նախագահի խոսքերով՝ վերջին համաներումը հայտարարվել է 2006 թվականին, և եթե երեք տարվա ընթացքում երկրում հասունացել է նոր համաներում կրրառելու գաղափարն, ապա ինքը պատրաստ է օգտվել իր սահմանադրական իրավունքից։
Նախագահն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին և հասարակական գործիչներին, մասնավորապես, Հանրային խորհրդին, նախագահի նստավայր ներկայացնել իրենց առաջարկությունները համաներման անցկացման անհրաժեշտության և կարգի վերաբերյալ։ Նախագահը նշել է, որ եթե պարզվի, որ իսկապես համաներում հայտարարելու անհրաժեշտություն կա, ապա ինքն անմիջականորեն այդ հարցով կդիմի խորհրդարան։
Ավելի վաղ ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը չէր բացառել նախագահի կողմից մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվածների նկատմամբ համաներում հայտարարելու հնարավորությունը։
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը քաղաքացի և վիրավորվեց 265-ը։-0-