ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ավագանու խորհրդի քվեարկության արդյունքները մի շարք տեղամասերում անվավեր են ճանաչվել, ասվում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ դատախազություն է ներկայացրել թիվ 7/7, 7/9, 8/15 ընտրական տեղամասերում քվեարկության հետ կապված նյութերը։
«Դատախազություն են հանձնվել վերոհիշյալ տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ դատախազություն են հանձնվել այդ տեղամասերի ընտրական փաստաթղթերի պարկերը և այդ հանձնաժողովների գործավարության մատյանները:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում առկա նյութերը ներկայացվում են դատախազություն` քրեական գործ հարուցելու նպատակով:
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։
Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։
Հայկական ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել։
Եվրոպացի դիտորդները հայտարարել են, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Դիտորդների առաքելությունը զգալի առաջընթաց է արձանագրել 2008թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ։-0-