ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը ձգձգվում է թուրքական կողմի պատճառով, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը։
«Ինչպես ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գնդակը թուրքական դաշտում է։ Մենք համապատասխան պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, բայց թուրքական կողմից գործընթացի ձգձգման պատճառով և համապատասխան հայտարարությունների պայմաններում գործընթացը ևս որոշ չափով ձգձգվում է»,- հինգշաբթի ասաց նա ՀՀ Ազգային Ժողովում։
Կիրակոսյանի խոսքերով՝ հայկական կողմը սպասում է, որ թուրքական իշխանությունները հարգանքով կվերաբերեն առկա պայամանավորվածություններին, և հարաբերությունների բարելավման բանակցությունների գործընթացը կշարունակվի։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը:
Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-