ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն լավատեսորեն է տրամադրված Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման առնչությամբ, ասաց փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը։
«Մենք միշտ լավատեսորեն ենք տրամադրված հանդիպումներին, որոնք տեղի են ունենում Ղարաբաղյան հարցի շուրջ։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների մասին է՝ սկսած անցած տարվանից»,- ասաց Կիրակոսյանը ՀՀ ԱԺ-ում։
ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում կկայանա Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ ՀՀ և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի ունեցավ Պրահայում մայիսի 7-ին։
Կիրակոսյանը պարզաբանեց, որ լավատեսության իմաստն այն է, որ հանդիպումները հնարավորություն են նախագահների ու ԱԳՆ ղեկավարների համար՝ քննարկելու Ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մադրիդյան սկզբունքների հետ կապված հարցերը։
«Մենք ուրախ ենք, որ հանդիպումների ու քննարկումների հնարավորություն կա։ Իհարկե, շատ է խոսվում այն մասին, որ այդ հանդիպումը կարող է կարևոր լինել Ղարաբաղյան հարցում առաջընթացի համար, տեսնենք, թե ինչպես այն կավարտվի այդ առումով»,- ասաց նա։
Լեռնայի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) կարծում են, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումները թույլ կտան մինչև ընթացիկ տարեվերջ որոշակի տեղաշարժերի հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքնհերի առնչությամբ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-