Հայ ազգային կոնգրեսի հրաժարվելը Երևանի ավագանու խորհրդի մանդատներից արհամարհական քայլ է Կոնգրեսի օգտին քվեարկած 70-հազարանոց ընտրազանգվածի նկատմամբ, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
«Նմանատիպ վարքը քաղաքական պայքարի յուրահատուկ ձև է, և յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում այդ պայքարի իրականացման ճանապարհն ու մեթոդները»,- նշեց Սահակյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Սակայն նա դատապարտելի է համարում ՀԱԿ նման վարքը, որը վաղուց որդեգրել է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը։
«Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքներն անկասկած որոշիչ են ՀՀԿ-ի համար»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ ներքին քննարկումների և բանակցությունների ընթացքում կհաջողվի վերջնականապես ձևավորել Երևանի քաղաքապետարանը։
Սահակյանը չբացառեց նաև Ավագանու խորհուրդ մտնելու համար անհրաժեշտ շեմը չանցած կուսակցությունների, այդ թվում՝ «Օրինաց Երկիր» կուսակցության մասնակցության հնարավորությունը Երևանի համայնքներում տեղեր ստանալու համար։
«Քաղաքական դաշտը մշտապես փոփոխությունների է ենթարկվում, և իշխանությունների արդյունավետ զարգացման և առաջընթացի համար անհրաժեշտ է կայուն ընդդիմադիր դաշինքի ձևավորումը, որի հետ հնարավոր կլինի բանավիճել և ընդունել ավելի պրոֆեսիոնալ մոտեցումներ ու առաջարկություններ»,- ասաց Սահակյանը։
Սահակյանը հայտարարեց նաև, որ ՀՀԿ-ն կանի հնարավորը կուսակցության օգտին ձայն տված քաղաքացիներին չհիասթափեցնելու համար։
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։
Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։
Հայկական ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել։
Եվրոպացի դիտորդները հայտարարել են, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Դիտորդների առաքելությունը զգալի առաջընթաց է արձանագրել 2008թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ։-0-