ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական դպրոցների աշակերտներն ավարտական քննություններ են հանձնում աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից և քիմիայից։
ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում աշխարհագրության ավարտական քննություն է հանձնում 2782 շրջանավարտ, կենսաբանությունից՝ 13800, քիմիայից՝ 5043 և ֆիզիկայից՝ 16106։
Ավարտական քննություն են հանձնում այն շրջանավարտները, ովքեր չեն հանձնում ՄՊՔ տվյալ առարկայից։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ճիշտ չէ միասնական քննությունները համարել «առաջնահերթ», իսկ ավարտականները՝ երկրորդական։
«Գոյություն ունի նաև կարծիք, որ պետությունը քիչ ուշադրւոթյուն է դարձնում ավարտական քննություններին՝ շեշտը դնելով ՄՊՔ-ի վրա։ Դա սխալ կարծիք է։ Մենք պետք է ապահովենք միջին և բարձրագույն կրթության բարձր մակարդակը»,- ասաց նա Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոց այցի ընթացքում քննությունների մեկնարկից առաջ։
Ավարտական և ընդունելության քննությունները Հայաստանում անցկացվում են եռաստիճան համակարգով։ Սովորողները հանձնում են ավարտական, միասնական պետական կամ կենտրոնացված քննություններ։
Ավարտական քննություններ են հանձնում այն սովորողներն, ովքեր չեն կամենում ՄՊՔ հանձնել տվյալ առարկայից, համապատասխանաբար, չեն հավակնում բուհական ֆակուլտետներ ընդունվել, որտեղ պահանջվում է տվյալ առարկան։
Կենտրոցված քննությունները նախատեսված են այն առարկաների համար, որոնք ընդգրկված չեն հանրակրթական դպրոցական ծրագրում կամ բանավոր են հանձնվում։
Հայաստանում և ԼՂՀ-ում Միասնական պետական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ին և կտևեն մինչև հունիսի 20-ը։ ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի վերջնական տվյալներով, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 15 առարկայից միասնական պետական քննություն հանձնել ցանկացողների թիվը կազմում է 19 164 մարդ։
Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ անցկացվել է 2007 թվականի հունիսի 1-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 1442 քննական կենտրոնում։
Ընդամենը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ, ընդ որում մոտ 38 հազարը ավարտական քննություն է հանձնել «Ա» տարբերակով, իսկ մնացածը լուծել են թեստային «Բ» տարբերակը, որը բաղկացած էր բուհերի ընդունելության հարցերից։ -0-