Մոտ ժամանակներս Հայաստանում կանցկացվեն բանկիրների և իրավաբանների համահայկական համաժողովներ
Մոտ ժամանակներս Հայաստանում կանցկացվեն բանկիրների և իրավաբանների համահայկական համաժողովներ, տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Իրան-Հայաստան բարեկամության միության, «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ և հայտնի բարերար Լևոն Ահարոնյանի հետ հանդիպման ընթացքում։
«Հակոբյանն ընդգծեց այդ համաժողովների արդյունքում կոնկրետ արդյունքների ստացման կարևորությունը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարի խոսքերով՝ մասնագիտական համաժողովները խոշոր համահայկական ծրագրեր են, որոնք նախաձեռնել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ հայկական ներուժը բացահայտելու, համախմբելու և հայրենիքի հզորացմանը ծառայեցնելու նպատակով։
Ահարոնյանն իր հերթին նախարարին ներկայացրել է այն ծրագիրը, որը նա իրագործում է Հայաստանում, մասնավորապես՝ դպրոցաշինությունը և նոր կառուցված դպրոցները համապատասխան պարագաներով կահավորելու աշխատանքները։
Բարերարն ընդգծել է հատկապես այն հանգամանքը, որ նշված բոլոր աշխատանքները կատարվում են տեղի աշխատուժի միջոցով։
«Ահարոնյանը, որպես բարերար և գործարար, ցանկություն է հայտնել ՀՀ հարկային օրենսդրությունը տեսնել առավել կատարելագործված, որպեսզի Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար լինի առավել բարենպաստ միջավայր», - նշեցին մամուլի ծառայությունից։
Ահարոնյանը գոհունակությունն է հայտնել նաև սփյուռքի նախարարության գործունեության կապակցությամբ՝ թե սփյուռքում և թե հայրենիքում, իր պատրաստակամությունը` հնարավորինս աջակցելու նախարարության բազմաբնույթ հայապահպան, ազգանպաստ ծրագրերի իրագործմանը:
ՀՀ սփյուռքի նախարարն իր հերթին նշել է, որ ընդհանուր առմամբ ծանոթ է բարերարի ազգանվեր գործունեությանը, բարձր է գնահատում հատկապես նրա ղեկավարած հիմնադրամի այն ծրագրերը, որոնք առնչվում են դպրոցաշինության հետ:
Ըստ նախարարի՝ այդ ծրագրերի շնորհիվ դպրոցահասակ 20 հազար երեխա այսօր ունի բարվոք աշակերտական տեղ:-0-