ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներմուծումը։
Այս մասին նա երեքշաբթի ասաց Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նախագծեր իրականացնող արգենտինահայ հայտնի գործարար, American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, հանրապետության ղեկավարը և գործարարը համաձայնել են, որ չնայած միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած որոշակի դժվարություններին՝ այնուամենայնիվ պետք է առաջ շարժվել:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը` գործարարը նշել է, որ կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ, մշակության և ոռոգման նոր եղանակ:
Երկրի ղեկավարը կարևորել է այդ տեխնոլոգիաների ուսումնասիրումը և դրանց տարածումն այլ գյուղտնտեսություններում:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջատեղյակ է Էդուարդո Էռնեկյանի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:
Ըստ Էդուարդո Էռնեկյանի՝ իր նախաձեռնած բոլոր ծրագրերը բնականոն ընթացքի մեջ են:
Համառոտակի անդրադարձ է եղել նաև բանկային ոլորտում, «Հայփոստ» ընկերությունում իրականացվող ձեռնարկներին:
Արգենտինահայ գործարարն ասել է, որ նորարարությունը, թարմ գաղափարները խրախուսելու և նոր մտածելակերպով հայ երիտասարդներին բացահայտելու, նրանց առաջարկությունները կյանքի կոչելու նպատակով իր ֆինանսավորմամբ գործող «Ֆրութֆուլ Արմենիա» ծրագիրը հայտարարել է գյուղատնտեսության և գյուղարտադրության, ֆինանսների և ենթակառուցվածքների ոլորտի վերաբերյալ գրավոր աշխատանքների մրցույթ:
Արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը American International Airports ընկերության սեփականատերն է, որը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչն է։ Էռնեկյանը Հայաստանում իրականացնում է նաև գյուղատնտեսության ոլորտի խոշոր նախագծեր, նրան է պատկանում նաև հայկական«Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն և «Հայփոտ» ընկերությունը։--0--