Սիրիայի նախագահի առաջիկա այցը Հայաստան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առաջիկա այցը Հայաստան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում, կարծում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ-Մուալեմը, երեքշաբթի հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայաստանը կարևորում է Սիրիայի Արաբական Հանրապետության և նրա բարեկամ ժողովրդի հետ պատմությամբ ստուգված ավանդական ջերմ հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը»,- ասաց նախագահը:
Սիրիայի արտգործնախարարը կարևորել է երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացումը, տարբեր բնագավառներում գործակցության խորացումը` հատկապես շեշտելով առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրներին, ընդգծել առկա հիմնահարցերը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը: Նախագահ Սարգսյանը ողջունել է Սիրիայի հավասարակշիռ մոտեցումը տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:
Ուալիդ ալ-Մուալլիմն իր հերթին ներկայացրել է Միջին Արևելքում առկա խնդիրների կարգավորման գործընթացը:--0--