Ջավախահայության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է այդ տարածքի կարգավիճակը բարձրացնել մինչև ինքնավարության, կարծում է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:
Ջավախահայերի խնդրի հիմքում քաղաքականությունն է: Պետք է բարձրացնել նրա կարգավիճակը և ինքնավարություն տալ նրան, հակառակ դեպքում խնդիրները չեն լուծվի»,- հայտարարեց Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ միայն քաղաքական խնդիրները լուծելուց հետո կարելի կլինի լուծել հայ բնակչության մյուս խնդիրները, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական:
Սարգսյանը նշեց նաև, որ բացի Ջավախքի հայ բնակչության ուծացմանն ուղղված վրացական քաղաքականությունից, այժմ իրականացվում է տարածքի բնակեցում Աջարիայի և ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի բնակիչներով, ինչը նշանակում է Ջավախքի մահմեդականցում:
Նա ընդգծեց, որ միայն Ջավախքի հայ բնակչությունն է խանգարում Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանի ողջ հյուսիսային սահմանով թուրքալեզու գոտի ստեղծելուն:
Իր հերթին փորձագետ Էդուարդ Աբրահամյանը նշեց, որ Ջավախքի հայ բնակչությունը չի մասնակցում Վրաստանի քաղաքական գործընթացներին, մասնավորապես, ընդդիմության՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ ուղղված բողոքի ցույցերին, քանի որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը Ջավախքի խնդիրները լուծելու մտադրություն չունեն:
Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պետք է ավելի վճռականորեն պաշտպանեն Ջավախքի իրենց հայրենակիցների շահերը, քանի որ վրացական իշխանությունները տեսնելով հայկական իշխանությունների անորոշությունը՝ ավելի ագրեսիվ են գործում:
«Մենք պետք է հստակ հայտարարենք, որ եթե նրանք (վրացական կողմը) չլուծեն Ջավախքի հայ բնակչության հարցերը, ապա մենք ինքներս դրանք կլուծենք»,- հայտարարեց նա:
Երկու փորձագետները նաև հայտարարեցին, որ Հայաստանում գերագնահատում են երկիրը վրացական իշխանությունների կողմից շրջափակման ենթարկելու սպառնալիքը՝ Վրաստանում հայերի իրավունքների ակտիվ պաշտպանության դեպքում:
Ջավախքը գտնվում է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանների հատման կետում։ Այնտեղ բնակչության գերակշիռ մասը (տարբեր տվյալներով՝ 91-ից 97%) հայեր են։ Սամցխե-Ջավախեթի միացյալ երկրամասի բնակչությունը 238 հազար է։--0—