Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 2-ի արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է 500 մլն ԱՄՆ դոլար ռուսական վարկի ստացման մասին համաձայանգիրը:
Երևանին 500 մլն դոլարի 15-ամյա վարկ տրամադրելու մասին համաձայանգիրը ստորագրել են ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը և Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին:
«Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով՝ 4-ամյա արտոնյալ ժամանակահատվածով, LIBOR + 3% տոկոսադրույքով»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
«Հաշվի առնելով, որ LIBOR տոկոսադրույքն այսօրվա դրությամբ 1,22 տոկոս է կազմում, ապա վարկի ընդհանուր տոկոսադրույքը շուրջ 4 տոկոս է կազմում, ինչը բավականին մեղմ պայման է ու բավականին շահավետ Հայաստանի համար»,- հավելեց նա:
Դավթյանը նշեց, որ վարկը կարտացոլվի բյուջեի վրա լրացուցիչ մուտքերի տեսքով, դրա համար բյուջետային ծախսերի շրջանակներում առանձին հաշվարկ կտարվի:
Նա հայտնեց, որ վարկի միջոցները հիմնականում կուղղվեն տնտեսության կայունացմանն ու զարգացմանը, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել աղետի գոտու վերականգնման ծրագրեր, փոքր ու միջին բիզնեսի վարկավորում, համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորում, ինչպես նաև հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար կայունացնող հիմնադրամի ձևավորում:
«Կարծում եմ, որ վարկը էապես կանդրադառնա հակաճգնաժամային միջոցների իրականացման և տնտեսական մթնոլորտի բարելավման վրա: -0-