ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի տեղամասային հանձնաժողովներից մեկի անդամը և ընտրողներից մեկը ձերբակալվել են մայիսի 31-ին Երևանում կայացած Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքները կեղծելու կասկածով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Հատուկ քննչական ծառայությունից։
«Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը և ընտրող Արմեն Օհանյանը ձերբակալվել են Հատուկ ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, նախօրեին ՀՀ ՔՕ 150-րդ հոդվածի հատկանիշներով (ընտրությունների կամ քվեարկության արդյունքների կեղծում) քրեական գործ է հարուցվել մի շարք ընտրատեղամասերում ԶԼՄ-ների, մասնավորապես «Ա1+», «Հետք» և «Լրագիր» ինտերնետ-հրատարակությունների հրապարակումների հիման վրա։
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։
Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։
Հայկական ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել։
Եվրոպացի դիտորդները հայտարարել են, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Դիտորդների առաքելությունը զգալի առաջընթաց է արձանագրել 2008թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ։-0-