Հայկական ընդդիմությունը հրաժարվել է մայիսի 31-ին անցկացված Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքում ստացված բոլոր մանդատներից։ Ընդդիմադիր հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ «ընդդիմությունն այրում է բոլոր կամուրջները», երկխոսության չի գնա իշխանության հետ, և նրա միակ պահանջը նախագահի հրաժարականն է»։
«Ես ողջունում են ՀԱԿ-ի որոշումը՝ որպես քաղաքական և սկզբունքային մոտեցում։ Ընտրատեղամասերում մենք համագործակցում էինք, միասին արձանագրում խախտումները», - ասաց Կարապետյանը։
Միաժամանակ նա նշեց, որ սկզբունքորեն չի կարող միանալ ՀԱԿ-ին, քանի որ կառուցողական ընդդիմության դիրք է զբաղեցնում։
Կարապետյանի խոսքերով, «Ավագանու խորհրդի ընտրությունները խայտառակ էին։ Որևէ ժողովրդավարության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Մարդկանց բերում էին ընտրությունների և տանում էին», - ասաց նա։
Նա ընդգծեց, որ դժգոհ է ընթացքից, և դա չի վերաբերում նրա հավաքած ձայներին։ «Ես չեմ խոսում իմ հավաքած ձայների մասին։ Ես դժգոհ եմ ընտրությունների ընթացքից։ Ազգի խնդիրը մեզ համար ավելի կարևոր է... Բնակչությունը չի մասնակցում ընտրություններին, նրան տանում են այնտեղ», - ավելացրեց նա։
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:-0-