Երեքշաբթի Հայաստանում կսկսվեն Միասնական պետական քննությունները
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Հայաստանում կսկսվեն Միասնական պետական քննությունները։
Առաջին անգամ է, որ հայ դիմորդները ՄՊՔ կհանձնեն բոլոր առարկաներից, բացի բանավոր և նեղ մասնագիտական առարկաներից։
ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի վերջնական տվյալներով, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 15 առարկայից միասնական պետական քննություն հանձնել ցանկացողների թիվը կազմում է 19 164 հոգի։
«Շրջանավարտները միասնական պետական քննություն հանձնելու հայտերը ներկայացրել են ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոն։ Հայտերի վերջին ժամկետը ապրիլի 16-ն էր»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, Գնահատման և թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Մանուկ Մկրտչյանը։
ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով, դիմորդների մեծ մասը (12 545) քննության հայտ է ներկայացրել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, երկրորդ տեղում է մաթեմատիկան (9 804), իսկ երրորդ տեղում՝ անգլերեն լեզուն (8 212)։
Միասնական պետական քննություն հանձնել ցանկացողների մեծ մասը բնակվում է ՀՀ մայրաքաղաքում (6 644)։ Երկրորդ տեղում են Շիրակի մարզի դիմորդները (1 783), իսկ երրորդ տեղում՝ Լոռու մարզի բնակիչները (1 624)։
Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ անցկացվել է 2007 թվականի հունիսի 1-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 1442 քննական կենտրոնում։
Ընդամենը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ, ընդ որում մոտ 38 հազարը ավարտական քննություն է հանձնել «Ա» տարբերակով, իսկ մնացածը լուծել են թեստային «Բ» տարբերակը, որը բաղկացած էր բուհերի ընդունելության հարցերից։ -0-