Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։
Երկուշաբթի առավոտյան ԿԸՀ յոթ անդամները ստորագրել են արձանագրությունը՝ բացառությամբ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի, ով հրաժարվել է ստորագրել արձանագրությունը։
Արձանագրության համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:
Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։
«Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է 20959 ձայն կամ 5,22 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել է 18648 ձայն (4,65 տոկոս), Ժողովրդական կուսակցությունը՝ 8569 ձայն (2,14 տոկոս), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 1951 ձայն (0,49 տոկոս)։
Ինչպես ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Հարություն Շահբազյանը՝ ձայնի իրավունք ունեցող 771 477 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 412 464 քաղաքացի։ Վերջին տվյալների համաձայն՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 53 տոկոս։
Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 10 հազ. 493 է, վավեր քվեաթերթիկների թիվը՝ 401 310։ Անճշտությունների թիվը 2 104-է։
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ավագանու խորհրդում կզբացեղնի տեղերի մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:--0--