ՀՀ Շիրակի մարզի և ՌԴ Ուլյանովսկի նահանգի միջև մտադրությունների մասին արձանագրություն է ստորագրվել, հաղորդում է mosaica.ru ինտերնետային հրատարակությունը։
Փաստաթուղթը նախորդում է համագործակցության մասին համաձայնագրին, որը ծրագրվում է ստորագրել սեպտեմբերին՝ Ուլյանովկսի նահանգի պաշտոնական պատվիրակության՝ Հայաստան կատարելիք այցի շրջանակներում։
Մտադրությունների մասին արձանագրությունը ստորագրվել է մայիսի 29-ին։ Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը նշել է փաստաթղթի կարևորությունը Հայաստանի և նահանգի միջև տնտեսական, առևտրային և մշակութային հետագա համագործակցության համար։
Հայկական պատվիրակության ներկայացուցիչները ևս պատրաստակամություն և շահագրգռվածություն են հայտնել Ուլյանովսկի նահանգում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ բանջարեղենի վերամշակման համատեղ արտադրության բացման գործում։
Մայիսի 28-31-ը Ուլյանովսկի նահանգում անցկացվում էին Հայաստանի օրեր։ Պաշտոնական այցով նահանգում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի գլխավորությամբ։ Բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են նահանգի ներդրումային ներուժի հետ, անցկացրել են մի շարք բանակցություններ և հանդիպումներ։-0-