Իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը կիրակի օրն անցկացված Ավագանու ընտրությունների ժամանակ լուրջ խախտումներ չի գրանցել, ասաց ՀՀԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
“Առաջին հերթին կարող եմ ասել, որ մեր շտաբը լուրջ խախտումներ չի գրանցել: Ընտրահանձնաժողովներում մեր ներկայացուցիչներն ու վստահված անձինք հայտնել են, որ ընտրությունները նորմալ են անցել”,- ասաց Շարամազանովը:
Նրա կարծիքով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանություններն ու պետական մարմինները լրջորեն են պատրաստվել այս ընտրություններին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ թափանցիկ է աշխատել:
Շարմազանովը նշել է, որ ամբողջ օրվա ընթացքում ոստիկանությունն ու դատախազությունը նորմալ են աշխատել` արձագանքելով ԶԼՄ-ների տարածած յուրաքանչյուր տեղեկատվությանը, անգամ եթե այն իրականությանը չի համապատասխանել:
Նա ավելացրեց, որ այսօր մթնոլորտը սրելու փորձեր են արվել` արհեստական լուրեր տարածելու միջոցով: Նա նշեց, որ ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով այդ լուրերը: Նույնատիպ հայտարարություններով են հանդես եկել ոստիկանությունն ու դատախազությունը:
Պատգամավորն ընդգծեց, որ ինքն անձամբ հերքել է երկու նման լուր, քանի որ տարածվում էր կեղծ և սուտ տեղեկություն:
Շարմազանովի խոսքով, ՀՀԿ շտաբը դրական է գնահատում անցած ընտրություններն ու սպասում է ձայների հաշվարկին:
“Կարծում եմ, որ այս ընտրությունները քայլ առաջ էին, և մեր գնահատականն այնպիսին է, որ դրանք համապատասխանում են այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը, հատկապես հաշվի առնելով, որ նախընտրական քարոզարշավն անցել է բարեկրթորեն, և որևէ լուրջ իրադարձություն տեղի չի ունեցել”,- ընդգծեց պատգամավորը:
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—