ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը իրականությանը չհամապատասխանող է անվանել գործընթացի խախտումների մասին մի շարք հաղորդագրությունները, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը կիրակի Ոստիկանության կողմից տրամադրած հաղորդագրությունում։
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնց կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ:
Ոստիկանության տվյալներով, Սուրեն Աբրահամյանից ահազանգ է ստացվել, որ Շենգավիթի 11/31 ընտրատեղամասի դիմաց մարդիկ են հավաքվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ընտրատեղամասի մոտ մարդկային կուտակումներ չկան։
Ոստիկանությունում մեկնաբանել են նաև մամուլում տարածած տեղեկատվությունը Շենգավիթի համայնքում իբր տեղի ունեցած միջադեպի մասին՝ խորհրդարանի պատգամավորի մասնակցությամբ։
«Շենգավթի համայնքի 11/04 ընտրական տեղամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ։ Տեղամասում հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղազարյանը հայտնել է, որ ինքը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ չի վիճաբանել, վերջինն իրեն չի հարվածել, չի ապտակել, և ողջ ընտրական գործընթացն ընթանում է նորմալ հունով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
ՀՀ ոստիկանությունը ստուգել է նաև Շենգավիթի 12/16 ընտրատեղամասում տեղի ունեցած վեճի մասին ահազանգը։ Տեղում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը։
«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—