ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է, որ Երևանի Նոր Նորք համայնքի ընտրատեղամասերից մեկում կրակել են կուսակցության ներկայացուցչի վրա։
«Այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Նման միջադեպ չի եղել»,- նշել է Զոհրաբյանը։
Ավելի վաղ մամուլում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, թե ընտրություններն ուղեկցվում են կրակոցներով, մասնավորապես Նոր Նորք համայնքում իբր կրակել են ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների վրա:
Հանրապետական կուսակցությունում ևս հերքել են Նոր Նորքում տեղի ունեցած հրաձգության մասին լուրերը՝ դատապարտելով ապատեղեկատվության տարածումը։
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0--