ՀՀ ոստիկանությունը նյութեր է պատրաստում Երևանի ընտրատեղամասերից մեկում լրագրողներին ծեծի ենթարկելու վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունը նյութեր է պատրաստում և տվյալներ է ճշտում Երևանի ընտրատեղամասերից մեկում լրագրողներին ծեծի ենթարկելու վերաբերյալ։
Երևանում մայիսի 31-ին անցակցվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնց կարող է մասնակցել 771,5 հազ. ընտրող։
«Մայիսի 31-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել «Հայք» թերթի խմբագիր Գեղամ Նազարյանը և հայտնել, որ Նալբանդյանի անվան դպրոցում գտնվող թիվ 9/1 ընտրատեղամասում ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահները ծեծել են «Հայքի» լրագրողներին», - ասվում է ոստիկանության տեղեկատվության մեջ։
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները ճշտվում են:
Հայ ազգային կոնգրեսի տեղեկատվության համաձայն՝ ժամը 10։25-ին 9/1 տեղամաս է ներխուժել ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը և հրահանգել թիկնապահներին դուրս հանել «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ Երևան» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթև Մեսրոպյանին և Մարինե Խառատյանին։ Լրագրողներին ծեծել են ու խլել նրանց հեռախոսներն ու ձայնագրիչները:
Ժամը 11։00-ի դրությամբ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 11,72 տոկոսը։
Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—