Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ահազանգում է Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների բազմաթիվ ընտրախախտումների մասին։
«Ժամը 08։30-ից մենք գրանցում ենք ստացված բոլոր բողոքները։ Դրանց թվում կան ինչպես բաց քվեարկության դեպքեր, այնպես էլ քվեաթերթիկների լցոնման և այլ մարդկանց փոխարեն քվեարկության դեպքեր», - կիրակի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորում են ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
Տեղական ժամանակով ժամը 12։15-ի դրությմաբ ՀԱԿ-ը գրանցել է ընտրական գործընթացի խախտման 30 դեպք։
Մուսինյանի խոսքերով՝ ՀԱԿ-ի վստահված անձինք Մալաթիա համայնքում բռնության են ենթարկվել։
Նա նաև նշեց երևանցիների փոխարեն ՀՀ այլ մարզերում գրանցված քաղաքացիների կողմից քվեարկելու արտառոց դեպքեր։
«Մենք հստակ և հաստատված տվյալներ ունենք այն մասին, որ Գյումրիից Երևան մեծ քանակությամբ քաղաքացիներ են բերվել ընտրություններին քվեարկելու համար», - ասաց նա։
Նա ավելացրեց, որ նման դեպքեր են գրանցվել Վանաձոր, Աբովյան, Արտաշատ, Մարալիկ քաղաքների պարագայում։
Մուսինյանը նաև նշեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ուժի կիրառման դեպքերի մասին։
ՀԱԿ-ի տեղեկատվությամբ՝ ժամը 10։25-ին 9/1 տեղամաս է ներխուժել ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը և հրահանգել թիկնապահներին դուրս հանել «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ Երևան» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթև Մեսրոպյանին և Մարինե Խառատյանին։ Լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները և դուրս են հանել ընտրատեղամասից։
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնցում մասնակցում է 771,5 հազ. ընտրող։
11։00-ի դրությամբ Երևան Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 11,72 տոկոսը։
«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը։
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—