ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը իր ընտրատեղամասում քվեարկել է Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին։
Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում ձևավորված 10/28 ընտրատեղամաս Բաղդասարյանը ժամանել էր կնոջ ուղեկցությամբ։ Մինչ նրա ժամանումը այդ ընտրատեղամասում արդեն քվեարկել էր 100 մարդ։
«Մենք ընտրախախտումների մասին որևէ տվյալ չունենք։ Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությունն ընթանում է խաղաղ հունով, և ես համոզված եմ, որ մենք լավ ընտրություններ կունենանք», - ասաց Բաղդասարյանը լրագրողներին քվեարկությունից հետո։
Նա նշեց, որ ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու բոլոր հանձնաժողովները պետք է պատասխանատվության զգացումով մոտենան իրենց պարտականություններին։
Բաղդասարյանի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել ներկայացնելու սեփական ծրագրերն ու մոտեցումները, իսկ հայ ժողովուրդը պետք է համապատասխան ընտրություն կատարի։
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնք կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ:
Սա Երևանի պատմության մեջ առաջին Ավագանու խորհրդի ընտրություններն են։ «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—