Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների նախըտրական քարոզարշավի պասիվությունը պայմանավորված է քաղաքական երկխոսության բացակայությամբ. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների նախըտրական քարոզարշավի պասիվությունը պայմանավորված է քաղաքական երկխոսության բացակայությամբ, կարծում է հայկական խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը։
«Նախորդ տարվա մարտյան դեպքերից հետո այդպես էլ չձևավորված քաղաքական ասպարեզի բացակայությունը դարձավ նախըտրական քարոզարշավի պասիվության պատճառ քաղաքական բանավեճի համատեքստում»,- լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավորը։
Միաժամանակ նա նշեց, որ ներկայիս քարոզարշավն առանձնապես չի տարբերվում նախորդներից՝ զերծ մնալով ընտրությունների ընթացքի և արդյունքների վերջնական կանխատեսումներից։
Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0--