ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային-գործնական կենտրոնում բացվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Մանկության աշխարհ Expo 2009» երրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կտևի մինչև հունիսի 1-ը։
«Ցուցահանդեսը նպատակ ունի երեխաներին որակյալ մանկական արտադրանքով ապահովել։ Ցուցահանդեսի գործելու այս մի քանի օրվա ընթացքում ծրագրված են շատ միջոցառումներ ու մրցույթներ։ Լավագույնները արժանանան անվանակարգերի ու մրցանակների»,- ասաց LOGOS EXPO Center ընկերության գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը միջոցառման բացման ժամանակ։
Ցուցահանդեսի էքսպոզիցիայում ներկայացված են ապրանքներ ու ծառայություններ երեխաների համար՝ հագուստ, կոշիկ, կահույք տան համար և ուսումնական հաստատությունների, խաղալիքներ, գրենական պիտույքներ, դպրոցական առարկաներ, հեծանիվներ, սահնակներ, սայլակներ, հիգիենայի պարագաներ, կոսմետիկա, ինչպես նաև սնունդ և զարգացնող ու կրթող մեթոդներ ու խաղեր, ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր։ Պատերին ներկայացված են նաև ՀՀ մի շարք շրջանների 4 մանկատների սաների աշխատանքները։
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն «Ժպտերեսիկ» ֆոտոմրցույթը «Mini miss Expo 2009» կոչման համար, «Փոքրիկ նկար» և «Փոքրիկ քանդակագործ» մրցույթները, ինչպես նաև «ԱՏԵՔՍ» նորաձևության կենտրոնի հետ համատեղ մանկական հագուստի ցուցադրություն։ Ժամանցային ծրագիրը բաղկացած էր մանկական պարային «Կաստանյետա», «Փոքրիկ երևանցիներ», «Բայլառոս» ստուդիաների և Սոֆի Դևոյանի մանկական պարային համույթի ելույթների ու ՀՀ տիկնիկային գործիչների միության ծրագրից։
«Մանկության աշխարհ EXPO 2009»-ը պրոֆեսիոնալ ցուցահանդես է երեխաների և դպրոցականների համար։ Ցուցահանդեսի հիմնական նպատակը տվյալ ճյուղի զարգացումն է, բարձր որակավորում ունեցող արտադրողների և մասնագետների ներգրավումը, հայկական շուկայի հագեցումը երեխաների համար նախատեսված նոր տեսականիով։
Ցուցահանդեսն անցկացվում է Էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի աջակցությամբ։ -0-