ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենւիա/. Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր է մշակվում, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը մայիսի 29-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, Եվրախորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ և փորձագետներ:
Քննարկվել են ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր: Արթուր Բաղդասարյանն առաջարկել է եռամսյա ժամկետում քննարկման ներկայացնել ծրագրի ընդհանուր դրույթները, տարեվերջին լրամշակված փաստաթուղթը ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանին` այլ երկրների իր գործընկերների հետ համապատասխան եզրակացություն ձևավորելու համար:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ուշադրություն է հրավիրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության խնդրին:
Ըստ հանրապետության նախագահի հրամանագրի` մարդու իրավունքների ազգային ծրագիրը պետք է հաստատվի 2010 թվականին, 2011 թվականին պետք է մեկնարկի ծրագրի իրականացումը:-0-